Հասարակություն

Հայ-ադրբեջանական պետական սահմանում անցման կետեր դեռևս սահմանված չեն. ՊԵԿ

Հայ-ադրբեջանական պետական սահմանում անցման կետեր դեռևս սահմանված չեն. ՊԵԿ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարեց, որ Բաքուն վերացրել է Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, և առաջին բեռը Ղազախստանից Հայաստան ուղղված հացահատիկի խմբաքանակն է։ Հայտնի է, որ այն Ադրբեջանից գնալու է Վրաստան, այնուհետև ներմուծվելու Հայաստան։ Բեռը դեռ չի հասել։

«ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում չի արտացոլվում ՀՀ ժամանող բեռնափոխադրման լոգիստիկայի կամ հետագծելիության (այսինքն, թե որ երկրների տարածքներով է ապրանք գալիս ՀՀ) վերաբերյալ տեղեկատվություն, հետևաբար, նշված հարցադրումներին հնարավոր չէ պատասխանել»,-ի պատասխան Radar Armenia-ի հարցմանը՝ նշել են պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ դեռևս Ղազախստանից ՀՀ հացահատիկ չի ներմուծվել։

Radar Armenia-ն հետաքրքրվել է, թե արդյոք ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին պատրա՞ստ են սահմանային անցակետերը, թե ոչ։ Կոմիտեից ընդծել են, որ պետական սահմանի անցման կետերը (այդ թվում՝ չգործող) սահմանված են ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 12-ի «ՀՀ-ի պետական սահմանի անցման կետեր սահմանելու մասին» թիվ 730-Ն որոշմամբ, որով դեռևս հայ-ադրբեջանական պետական սահմանում անցման կետեր սահմանված չեն. «Միաժամանակ տեղեկացվում է, որ, մասնավորապես, հենց ՊԵԿ-ին անցման կետերի կառուցման աշխատանքների իրականացման լիազորություն դեռևս վերապահված չէ»,-ասել են կոմիտեից։

Radar Armenia-ն պարզաբանման համար, թե հացահատիկի բեռը Հայաստան որ սահմանային անցակետով է ներմուծվել և երբ, դիմել էր նաև էկոնոմիկայի նախարարություն, որտեղից նշել են, որ հացահատիկ ներմուծողը սեփական ընկերություն է. «Հետևաբար, հարցերը նախարարության իրավասության շրջանակներում չեն»,-նշել են նախարարությունից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական