Հասարակություն

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարան-ինստիտուտում իրականացվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։ Աշխատանքների առաջընթացին և կատարման որակին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիրի տարածք։

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Կապալառու կազմակերպության պատասխանատուները նախարարին են ներկայացրել կատարված աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման և ամրակայման աշխատանքները մոտենում են ավարտին, ինչի արդյունքում կլուծվի անձրևաջրերի ներհոսքի խնդիրը: Զուգահեռ` ըստ նախատեսված գրաֆիկի՝ ընթանում են հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները։

Ներկայացվել են նաև «Հայոց ցեղասպանության» հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել որակի բարձր չափանիշներն ու աշխատանքների կատարման ժամկետները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական