Հասարակություն

Ինչ է հայտարարագրել հոգևորականներին հարցաքննության հրավիրած քննիչը. «Ժողովուրդ»

Ինչ է հայտարարագրել հոգևորականներին հարցաքննության հրավիրած քննիչը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, օրվա տարբեր ժամերին, այդ թվում՝ ուշ երեկոյան և կեսգիշերին, Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանը ծանուցագրեր է ուղարկել մի շարք հոգևորականների։ Հետաքրքիր կլիներ իմանալ` աշխատանքային իր երկարամյա պրակտիկայի ընթացքում քանի՞ անգամ է Սարգսյանը ուշ գիշերով ծանուցագիր ուղարկել քաղաքացիներին։

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևորականները ՔԿ ներկայանալու առնչությամբ հայտարարություն էին տարածել.

«Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ. հոկտեմբերի 26-ի առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգևոր պարտականությունները և կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության», – ասված էր հայտարարության մեջ։

Իսկ ո՞վ է այն քննիչը, որը նման հրատապությամբ փորձել է հարցաքննել հոգևորականներին: Նազելի Սարգսյանը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը, ապա նույն բաժնում՝ ավագ քննիչ։

2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Նազելի Սարգսյանը անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 հազար 867 դրամ։

Կանխիկ դրամական միջոցը կազմել է 1 մլն 630 հազար դրամ։

Ավագ քննիչի աշխատանքի վարձատրությունը կազմել է 9 մլն 826 հազար դրամ։

Սարգսյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 953 հազար դրամ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական