Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գեղարքունյաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի։
Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունը։ Հայոց Հովվապետը պատգամեց հոգևոր հովիվներին առավել նախանձախնդիր լինել տերունապատվեր առաքելության մեջ և ամուր մնալ ներկայիս փորձությունների հանդիման։ Վեհափառ Հայրապետը հորդորեց զորացնել նրանց խնամքին հանձնված ժողովրդի հավատն առ Աստված և սերն առ հայրենին ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ամեն ջանք ի գործ դնել հանուն հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի և մեր ժողովրդի բարօրության։