Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Վիեննայում մասնակցել են միգրացիայի 10-րդ միջազգային համաժողովին։
Վիեննայի միգրացիայի համաժողովը միջազգային միգրացիոն քաղաքականության առաջատար հարթակներից է, որի կազմակերպած նիստերն առանձնանում են խորքային վերլուծությամբ՝ ընդգրկելով միջազգային միտումների վերափոխման, տնտեսական վերադասավորումների, աշխատաշուկայի ճնշումների և երկարաձգվող հակամարտությունների հետևանքով առաջացող մարտահրավերները։
Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝ ԵՄ միգրացիայի և ապաստանի պակտի իրականացման մեխանիզմներն ու այդ շրջանակում առաջացած հարցերը, միգրացիոն գործընկերությունների դերը համագործակցության խթանման գործում, հմտությունների և տաղանդների ներգրավման ռազմավարությունները, վերադարձի և վերաինտեգրման քաղաքականությունները մասնավորապես հակամարտություններից հետո վերականգնման համատեքստում, կանխատեսումների և վերլուծական գործիքների կիրառումը միգրացիայի արդյունավետ կառավարման գործընթացում։
Համաժողովի բացմանը Եվրամիության երկու հանձնակատարները հանդես են եկել տեսաուղերձներով: Մի շարք պետությունների միգրացիոն ոլորտի պատասխանատուների, այդ թվում՝ Ավստրիայի, Շվեդիայի, Հորդանանի, Եգիպտոսի ներքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպվել է պանելային քննարկում։
Համաժողովում մասնակիցները քննարկել են պաշտպանության համակարգերի կայունությունը, պատասխանատվության բաշխման մեխանիզմները և ճգնաժամային իրավիճակներում պատրաստվածության մակարդակը՝ միաժամանակ ձևավորելով պատկերացում, թե ինչպես կարելի է համահունչ դարձնել ազգային առաջնահերթություններն ու միջազգային համագործակցային գործողությունները։
Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) ներկայիս ղեկավար Մայքլ Շպինդելեգերի և արդեն իսկ ընտրված հաջորդ ղեկավար Սյուզըն Ռաաբի հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընկերությունն ու նախանշվել առաջիկա ծրագրերը։
Հայաստանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) տարածաշրջանային ղեկավար Արթուր Էրեկնի հետ։ Քննարկվել են համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացի և միգրացիոն կառավարման արդիականացման վերաբերյալ։