2025 թվականի հոկտեմբերի 23-ին Ժնևում՝ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր գրասենյակում, կայացավ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» (Հայհիդրոմետ) ՊՈԱԿ-ի և Ավստրիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի, կլիմայագիտության և օդերևութաբանության դաշնային ինստիտուտի (GeoSphere Austria) միջև համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։
Այդ մասին հայտնում են ՊՈԱԿ-ից։
Միջոցառումն անցկացվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Սելեստե Սաուլոյի նախագահությամբ՝ երկու կողմերի ղեկավարների և ներկայացուցիչների, ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն՝ տիկին Կորնելիա Ռադիչի մասնակցությամբ։
Ստորագրված Հուշագիրը նոր փուլ է բացում Հայաստանի և Ավստրիայի համագործակցության մեջ օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայագիտության ոլորտներում։
Այն ներառում է համատեղ գործողություններ՝ դիտարկման համակարգերի զարգացման, վտանգավոր երևույթների կանխատեսման և նախազգուշացման, փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման և համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ՀՕԿ-ի գլոբալ նախաձեռնությունների, մասնավորապես ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (Early Warnings for All) շրջանակում։
Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է դեպի միջազգային համագործակցության ամրապնդում՝ ուղղված կլիմայական ռիսկերի և բնական վտանգների նկատմամբ կայունության բարձրացմանը։