Հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել: Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։
Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է: Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագորությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։
Հանգամանքները պարզվում են։ Ընթանում է նախաքննություն: