Հասարակություն

Կներդրվի աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգ

Կներդրվի աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգ

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ներդնել աշխատանքային վեճերի լուծման նոր գործիքակազմ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնող աշխատանքային վեճերի մշտապես գործող հանձնաժողովի ձևաչափով։

Նախատեսվող նոր կարգավորումների կիրառման արդյունքում աշխատանքային հարաբերությունների կողմերը աշխատանքային վեճերի պարագայում ստիպված չեն լինի անցնել դատական ընթացակարգերով, երկար ժամանակ ու գումարներ ծախսել։ Դրա փոխարեն կարող են դիմել Հանձնաժողովին և աշխատանքային վեճի լուծումն իրականացնել առավել կարճ ժամկետներում, անվճար հիմունքներով և պարզ ընթացակարգերով։

Հանձնաժողովը գործելու է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում։ Հանձնաժողովը կազմված է լինելու երեք անդամից՝ Հանձնաժողովի նախագահից  և  սոցիալական գործընկերների մեկական ներկայացուցիչներից։

Հանձնաժողովին դիմելու իրավունք կունենան թե՛ աշխատողները, թե գործատուները։ Աշխատանքային հարաբերությունների կողմերը Հանձնաժողովին կարող են դիմել տարբեր հարցերին վերաբերող աշխատանքային վեճերով՝ աշխատավարձերի, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված հավելումների, հավելավճարների, լրավճարների չվճարում կամ մասամբ վճարում, արտաժամյա աշխատանքի ներգրավման պահանջների խախտումներ և այլն։

Հանձնաժողովում վեճի քննության համար գործատուն կամ աշխատողը պարտավոր են գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմում։ Հանձնաժողովը դիմումը պետք է քննի ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Հանձնաժողովի նախագահի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով։

Հանձնաժողովի ընդունած որոշումը մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկել դատարանում։ Նշված ժամկետում դատարանում բողոքարկում չլինելու դեպքում Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում։ Հանձնաժողովի՝ ուժի մեջ մտած որոշումը բողոքարկման կամ վերանայման ենթակա չէ և կողմը պարտավոր է կատարել այն։ Չկատարելու դեպքում իրավունք կունենա միջամտել Հարկադիր կատարման ծառայությունը, որին կտրվի համապատասխան լիազորություն։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական