Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված է 0-18 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովման և սպասարկման ծրագրի ձեռքբերման անհրաժեշտությամբ: ՀՀ առողջապահության նախարարության կողմից, արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի և սպասարկման ծրագրի ձեռքբերման նպատակով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան հայտարարվել է գնման ընթացակարգ, արդյունքում 2025 թվականի մայիսի 23-ին կնքվել է պայմանագիր 2025-2027թթ. կարիքների համար: 0-18 տարեկան ինսուլինոկախյալ երեխաներն անհրաժեշտություն ունեն օրական 5-6 անգամ չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որն իրականացնում են թեստ երիզների միջոցով: Թեստ երիզների կիրառումն իջեցնում է կյանքի որակը և մանկահասակ երեխաները շատ հաճախ հրաժարվում են չափելուց և ինսուլին դեղի ներարկումներից, որն էլ նպաստում է ինսուլին դեղի սխալ դոզավորման և առողջական բարդությունների առաջացման:
Պայմանագրի շրջանակներում 0-18 տարեկան երեխաներին կտրամադրվեն նորագույն արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսել հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ շոկերը և կանխել հասունացող բարդությունները, ճշգրտորեն որոշել ինսուլին դեղի դեղաչափը: Համակարգերն ունեն գլյուկոզայի չափման տվյալների թվային սարքերին փոխանցելու` (հաղորդիչը գլյուկոզայի տվյալները ուղարկում է բջջայինի հավելվածին) հեռահար դիտման միաժամանակ առնվազն 5 հետևողի կողմից (ծնող, բժիշկ, ուսուցիչ, դաստիարակ) և սահմանային վիճակների դեպքում ազդանշանային համակարգի միջոցով զգուշացնելու կարողություններ: Այս սենսորների կիրառումը մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների շրջանում շատ կարևոր է, քանի որ ծնողը և բժիշկը, գտնվելով հեռավորության վրա, մշտապես ունենում է երեխայի արյան մեջ գլյուկոզայի հստակ ցուցանիշները և իրականացնում են հեռավար դիաբետի վերահսկում:
ՀՀ 2025թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի շրջանակներում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար նախատեսված թեստ երիզները ձեռք են բերվել 0-18 տարեկան պացիենտների համար, որոնց թիվը կազմում շուրջ 1100: Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները ծրագրի ներդրումը իրականացվում է փուլային, մասնավորապես` ՀՀ կառավարության 2025թ. հուլիսի 24-ի թիվ 1007-Ն որոշմամբ թվով 244 առավել խոցային խմբերի` 0-9 տարեկան պացիենտների համար, հատկացվել է 181,9 մլն դրամ, սույն որոշմամբ նախատեսվում է ծրագրից օգտվող 756 պացիենտների հատկացնել թեստ երիզներ, որի համար անհրաժեշտ է 570,9 մլն ՀՀ դրամ: Մասնավորապես, «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» միջոցառման մեջ «շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդների թիվը» ցուցանիշի մեջ արդեն իսկ ներառված են շահառուները, իսկ «Իմունականխարգելման ազգային ծրագիր» միջոցառմամբ հաստատված ոչ ֆինանսական ցուցանիշների փոփոխության անհրաժեշտություն չկա:
Վարչապետն արձանագրել է, որ որոշումը հեղափոխական նշանակություն ունի, քանի որ ձեռք են բերվելու վերջին սերնդի մեթոդի կիրառմամբ սարքեր, ինչն էականորեն փոխելու է հարյուրավոր երեխաների կյանքի որակը:
Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձել է հաշմանդամության տրամադրման խնդրին, արձանագրել, որ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը հիմնված է աշխարհի առաջատար փորձի վրա: «Մեր ուղերձը մարդուն այն է՝ մենք աջակցենք ձեզ ամեն ինչով, որպեսզի ձեր ֆունկցիոնալությունը լինի այնպիսին, որպեսզի դուք ինքներդ ձեր աշխատանքով, ձեր կրթությամբ ձեր կարիքները կարողանաք հոգալ»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հավելել է. «Ֆունկցիոնալության գնահատումն արվում է միջազգային դասակարգիչներով: Այստեղ որևէ նորամուծություն չկա: Եվ հաշմանդամությունն ապրելակերպի տեսակի վերածելը մեր քաղաքականությունն է, որը կարող եմ ասել, հաջողությամբ տեղի է ունենում»: