Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Վարչապետը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծառայողներին ու աշխատակիցներին տոնական օրվա առիթով և նշել, որ Կոմիտեն այն ինստիտուտներից է, որի ձևավորումն ուղիղ կապ ունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հետ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն պայքարը քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկն է։
«Բայց հակակոռուպցիոն պայքարի այս բովում նոր հարցեր են գալիս, որոնց պատասխանները ոչ միայն չենք ունեցել ի սկզբանե, այլև ի սկզբանե այդ հարցերի գոյության մասին նույնիսկ չենք իմացել, որովհետև այն միջավայրում, որը կար 2018 թվականին, թվում էր, թե հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և դրանով շատ հարցեր կլուծվեն։ Դա, իհարկե, ճշմարտություն է, որովհետև առանց քաղաքական կամքի բացակայության, ընդհանրապես, որևէ հարց հնարավոր չէ լուծել, այսինքն՝ քաղաքական կամքն այն է, թե ինչքանով է կառավարությունը, քաղաքական իշխանությունը ցանկանում, որ այդ հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ դեպքում տեղի ունենա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նախ եկել են այն եզրակացության, որ քաղաքական կամքն արտահայտող կոնկրետ կառույց պետք է լինի, և այդպես էլ հանգել են այն եզրակացությանը, որ պետք է ձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտե։
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կարևոր գործոն է այն, որ ասում են, այնուամենայնիվ, ի՞նչ գիտենք, քաղաքական իշխանությունը հայտարարում է և դա նորություն չէ, բոլորն էլ ասում են՝ պայքարում են կոռուպցիայի դեմ, միջազգային կոնվենցիաներով և այլն:
«Այստեղ շատ կարևոր է, թե ինչպե՞ս պետք է այդ ազդակն աշխատի, որ այս ամեն ինչը լուրջ է, այս ամեն ինչը կատակ չէ, հումոր չէ և այլն»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով արձանագրել, որ եթե Հայաստանում կոռուպցիայի մակարդակն այնպիսին է եղել և այնպիսին է, ինչպես հաճախ լսում ենք, դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, շատերն են դրա մեջ ներգրավված։
Հաջորդ խնդիրը, որին վարչապետն անդրադարձել է, վերաբերում է դատական, իրավական և պետական համակարգերում գործունեություն ծավալող անձանց հարաբերություններին տարբեր մարդկանց հետ։
«Այսքան մարդ ունի այդքան ծանոթ, դասարանցի, ընկեր, բարեկամ, բանակի ընկեր, հարևան և այլն, և այլն։ Մի փոքր լավ վերաբերվի, ինչպես ընդունված է ասել, օպերատիվ օղակը, մի փոքր լավ վերաբերվի քննչական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատական օղակը, եթե դատական օղակն էլ երեք հատ կա, մի փոքր առաջին ատյանը լավ վերաբերվի, մի փոքր վերաքննիչը լավ վերաբերվի, մի փոքր էլ վճռաբեկը լավ վերաբերվի, մի փոքր էլ իշխանության կամ հնարավոր ազդեցության տեղերից, մի փոքր էլ ազդեցություն՝ որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում է, բացարձակապես։ Եթե վերլուծենք՝ կտեսնենք, գնում, գնում, հաղորդագրություն, հաղորդագրություն, ինչքան ասես հաղորդագրություն, վերջը ի՞նչ է լինում։ Ու հետո հասկանում ես, որ վերջ չի լինելու»,- նշել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այս միջավայրում հնարավոր չէ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ:
Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ընդհանրապես իրավապահ մարմինների գործունեության միջև կապին, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի դեմ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ անկայուն է իրավիճակը, լարվածություններ կան, էսկալացիաներ, կապ չունի ինչով ես զբաղված, միևնույն է՝ դու երկրի քաղաքացի ես, այդ թվում՝ քննիչը, դատախազը, դատավորը, հնարավորություն չի ունենում կենտրոնանալ իր գործի վրա։
«Եվ սա մի գործոն է, որը ես նույնպես զգացել եմ, և դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Ինչի՞ համար եմ սա ասում: Այժմ, երբ հետևում եմ, տեսնում եմ՝ այդպիսի տպավորություն կա, որ հիմա իրավապահ համակարգն ավելի ակտիվ է, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարն է ավելի ակտիվ: Իհարկե, դա միակ գործոնը չէ, բայց իմ գնահատմամբ՝ նաև մեր տարածաշրջանում հաստատված խաղաղությունն ավելի շատ հնարավորություն է տալիս, այդ թվում՝ քննչական մարմիններին, կենտրոնանալ իրենց գործի վրա»,- ընդգծել է վարչապետը։
Խոսելով կադրային հարցերի մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արթուր Նահապետյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելու հարցում կարևոր դեր է խաղացել նրա, այդ թվում՝ դատավոր լինելու հանգամանքը։
«Այդ խոսակցություններն անընդհատ են, ըստ որոնց՝ քննիչներն ուրիշ կերպ են նայում իրադրությանը, դատավորներն ուրիշ կերպ։ Ես պարոն Նահապետյանին ասել եմ՝ շատ կարևոր է, որ Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս եկող գործերը, այդ թվում՝ դիտարկվեն դատավորի աչքով, որպեսզի այդ խոսակցության տարածքն էլ փակենք, որ այնուամենայնիվ, քննիչը այլ կերպ է ընկալում, դատավորը այլ կերպ է ընկալում։ Համոզված եմ՝ այս հանգամանքը նույնպես էական դեր կունենա Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացման իմաստով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարը նկատել է, որ իրավապահ համակարգի համար սովորական չէ աշխատել սոցիալական ցանցերի և խոսքի ազատության ներկայիս պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ սոցիալական ցանցերի միջոցով հասցեական հարձակումներ են սկսվում կոնկրետ քննիչների, կոնկրետ գործեր վարող քննչական խմբերի նկատմամբ, ընդհուպ ընտանիքների անդամների նկարների հրապարակմամբ և այլն։
«Սրանք էլ են գործոններ, որոնք ազդում էին պրոցեսի վրա, ինչո՞ւ եմ ասում ազդում էին, որովհետև, իմ կարծիքով, երբ դա մի նոր երևույթ է, այնուամենայնիվ, համակարգերն սկսում են ադապտացվել դրան, նաև դրանց հակազդելու ձևեր են գտնում։ Եվ իմ տպավորությամբ՝ նաև մեր իրավապահ համակարգը, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, արդեն ավելի է ադապտացվել այդ իրավիճակին և կարողանում է շատ թե քիչ այս իրավիճակներից պաշտպանվել»,- նշել է վարչապետը։
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև այն հարցադրմանը, թե արդյոք Հայաստանում բոլորին գաղտնալսում են։
«Շատ առանցքային գործերի հետ կապված գաղտնալսումներ են հրապարակվում և այլն։ Հայաստանում օպերատիվ հետախուզության մասին օրենքը նորություն չէ։ Օպերատիվ հետախուզության մասին օրենքով հստակ սահմանված է և, ընդ որում, բոլոր ամենաժողովրդավարական երկրներն ունեն այդ համակարգերը, երբ, ինչպես, որ դեպքում, ինչ պայմաններում կարելի է իրականացնել այդ օպերատիվ աշխատանքը։ Իսկ ո՞րն է նորությունը, նորությունն այն է, որ քանի որ մեզ համար հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր և սկզբունքային է, կառավարությունն, այո՛, հնարավորինս ներդրումներ է անում, որպեսզի Հայաստանի օպերատիվ մարմինները տեխնիկական կարողություններ ունենան»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ հանցավորությունն ինքը տեխնոլոգիական մոտեցումներ է որդեգրում, և եթե իրավապահ համակարգը տեխնոլոգիական մոտեցումներ չորդեգրի, հանցավորության դեմ ամբողջ պայքարը կձախողվի։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ իրավապահ մարմիններն այլևս այդքան կախված չեն անձերի ցուցմունքներից, քննչական մարմիններն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ եթե նույնիսկ ստացվեն իրավիճակներ, երբ ապօրինի ճնշումներ կլինեն վկաների վրա և այլն, որպեսզի նրանք արդյունքում հրաժարվեն ցուցմունքներից, այնուամենայնիվ փաստական բազան լինի այնքան ծանրակշիռ, որպեսզի այդ գործերը հասնեն տրամաբանական ավարտին։
Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել է, որ այժմ քրեական գործերի առումով Հակակոռուպցիոն կոմիտեում որոշակի աշխուժություն է նկատվում և այսօր կան բոլոր գործոնները, որպեսզի հակակոռուպցիոն պայքարը դառնա ավելի արդյունավետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու։
«Դա մեր կարևորագույն խնդիրն է, և մենք մեծ ներդրումներ ենք անում կոռուպցիայի կանխարգելման նպատակով։ Այսօր մեր Հակակոռուպցիոն կոմիտեն բավարար տեխնիկական հագեցվածություն ունի և հույս ունեմ, որ դա կանխարգելիչ որոշակի նշանակություն կունենա, մարդիկ մի անգամի փոխարեն յոթ-ութ անգամ կմտածեն՝ գնան այդ քայլին, թե ոչ, և սա է հենց մեր նպատակը: Մեր նպատակն այն է, որ մենք մեր քաղաքականություններով կանխարգելենք կոռուպցիոն դրսևորումները»,- ասել է վարչապետը։