Հասարակություն

Պատմական ռեկորդ․ աշխատատեղերի թիվը անցել է 800 հազարը

Պատմական ռեկորդ․ աշխատատեղերի թիվը անցել է 800 հազարը

Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հրապարակել է նաև աշխատատեղերի նոր վիճակագրության մասին տվյալները. «2025թ. սեպտեմբերի դրությամբ առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 000-ի սահմանը: Պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել և սեպտեմբերի դրությամբ կազմել է 805 687: Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցված աշխատատեղերն ավելի են 37 140-ով կամ 4.8 տոկոսով: Իսկ 2018 թ․ սեպտեմբերի համեմատ 222 912-ով կամ 38 տոկոսով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են ավելի քան 222 հազար աշխատավարձով ապահովված աշխատատեղեր»:

Երկրի ղեկավարը թեմայի շրջանակում անդրադարձել է նաև բարեկեցության հարցին և նշել. «Մի կողմից՝ աշխատատեղերի աճ է տեղի ունենում, մյուս կողմից՝ ասում ենք, որ Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է: Եվ սա ճշմարտություն է: Բայց կա նաև այսպիսի մի իրականություն, երբ մարդիկ հասկանալիորեն հարց են բարձրացնում, ասում են, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատող են, աշխատում են, բայց իրենք չեն ապրում բարեկեցիկ կյանքով»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա արդեն որակավորման և կարողությունների խնդիր է և ընդգծել, որ Կառավարությունը նպաստավոր պայման է ստեղծել՝ իջեցնելով եկամտահարկը պատմականորեն նվազագույնին և շատ բան կախված է նաև աշխատուժի, անհատի, փոքր և միջին բիզնեսի կարողություններից:

Խոսելով տնտեսության կառուցվածքում նախատեսվող փոփոխությունների մասին՝ երկրի ղեկավարը նշել է. «Տնտեսության կառուցվածքում առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, մասնավորապես՝ հիմա մենք տեսնում ենք և գոհունակությամբ պետք է արձանագրել, որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է: Արդեն երկու օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին, և ես միջազգային հարթակում՝ Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» համաժողովում իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ և ողջունել եմ այդ որոշումը: Նույնն ուզում եմ անել նաև այստեղ, որովհետև դա շատ կարևոր որոշում է: Եվ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի Հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, միայն դեկլարացիա չեն: Այսինքն՝ դրանք դեկլարացիան են, բայց իրենց հետ բերել են կոնկրետ արդյունքներ»:

Վարչապետն անդրադարձել է նաև գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ցուցանիշներին և նշել. «Այսօրվա դրությամբ մենք ունենք արտահանման 13.8 տոկոս աճ նախորդ տարվա դրությամբ ընդ որում՝ կոնկրետ ուղղություններով. ծիրանի դեպքում 25.5 տոկոս աճ, սալորի դեպքում 61.1 տոկոս աճ, դեղձի դեպքում 87.1 տոկոս աճ, կեռասի դեպքում 123 տոկոս աճ, տանձի դեպքում 245 տոկոս աճ, լոլիկի դեպքում 12 տոկոս աճ, պղպեղի դեպքում 62 տոկոս աճ, կաղամբի դեպքում 843 տոկոս աճ, սմբուկի դեպքում 72 տոկոս աճ, հատով ծաղիկի դեպքում 6.4 տոկոս աճ, տոննայով՝ 116 տոկոս աճ»: Նման ցուցանիշը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կապված է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմամբ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական