Եվրամիությունը կրկին խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ ԵՄ 27 երկրի ղեկավարներ այսօր կայանալիք գագաթնաժողովում երկարատև համաձայնեցումներից և Սլովակիայի, Հունգարիայի ու Ավստրիայի կողմից առարկություններից հետո պատրաստվում են հաստատել 19-րդ պատժամիջոցների փաթեթը։
Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի դեմ։
Չորեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են 19-րդ պատժամիջոցների փաթեթը, որը կգործի 2025 թվականի հոկտեմբերի 23-ից. հայտնել է Դանիան, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում։
Գործակալությունների տվյալներով՝ միջոցառումների փաթեթը ներառում է Ռուսաստանից հեղուկ բնական գազի ներկրումը մինչև 2027 թվականը արգելելու մասին որոշում, այսպես կոչված «ստվերային նավատորմի» տանկերների սև ցուցակում ընդգրկում (որոնց ծառայությունները թույլ են տալիս Կրեմլին արտահանել նավթն ու նավթամթերքը՝ շրջանցելով արևմտյան սահմանափակումները), ինչպես նաև ռուս դիվանագետների՝ Եվրոպա ճանապարհորդելու սահմանափակումներ։
ԵՄ-ն վաղուց սահմանել է Ռուսաստանի դեմ գրեթե բոլոր հնարավոր պատժամիջոցները, բացառությամբ գազային պատժամիջոցների, և վերջին մի քանի փաթեթները նպատակաուղղված էին այդ բացերը փակելուն։