Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Օտտավայում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք կարևոր տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Լիբանանի, Սիրիայի, Միջին Արևելքի, Հայաստանի, Պաղեստինի և Գազայի վիճակը։ Վեհափառ Հայրապետը ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները՝ արձագանքելով Կանադայի վարչապետի հետաքրքրությանը նշված թեմաների շուրջ։
Արամ Ա Վեհափառը հատուկ կերպով շեշտադրել է Արցախի հարցը և հատկապես՝ Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարության ճակատագիրը։ Նա առաջարկել է Կանադայի վարչապետին ձեռնարկել հատուկ քայլեր՝ նպաստելու քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանը, Արցախի ժողովրդի վերադարձին, ինքնիշխանության իրավունքի վերականգնմանը, ինչպես նաև Արցախի կրոնական ու մշակութային ժառանգության պահպանմանը։