Աշխարհում եզակի և առաջինը Հայաստանում առաքանիների ստացման Drive Thru համակարգն արդեն Հայաստանում է. Onex ըկերությունն արդեն իսկ գործարկել է ծառայությունը։
Flash ընկերության լցակետերից մեկին կից՝ Ծովակալ Իսակով 7/7 հասցեում է գործում Onex Drive Thru-ն, որի միջոցով հնարավոր է ստանալ առաքանին՝ առանց մեքենայից դուրս գալու, խնայելով ժամանակն ու խուսափելով կայանման բարդություններից։
Onex-ի և Flash-ի միջև համագործակցությունը պաշտոնապես ամրագրվեց պայմանագրի ստորագրմամբ, որը տեղի ունեցավ հենց Drive Thru-ում։ Պայմանագիրը ստորագրեցին Onex ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանը և Flash ընկերության գործադիր տնօրեն Սանասար Բեգլարյանը։
«Հասցեի ընտրությունը շատ կարևոր էր մեզ համար. պետք էր վայր, որն ունենար առանձին երթուղի, լիներ Երևանի հիմնական մայրուղիներից մեկի վրա։ Եվ ահա, հունիս ամսին մեր առաջարկը հավանություն ստացավ Flash ընկերության մեր գործընկերների կողմից։ Այս տարին մեր ընկերությունների համար հոբելյանական է, քանի որ Onex-ն էլ նշում է իր հիմնադրման 10-ամյակը, և մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ծառայությունները, հանդես գալիս նորարարություններով, որոնք էականորեն բարելավում են մեր հաճախորդների փորձառությունը»,-նշում է Սամվել Մարտիրոսյանը։
Սանասար Բեգլարյանի խոսքով՝ այս կոնցեպտի շրջանակում համագործակցությունը Flash-ի 30-ամյակի շրջանակում իրականացվող նախաձեռնություններից է, որը կրկին ուղղված է ոլորտում նոր շունչ ու էներգիա հաղորդնելուն.
«Flash-ի նոր ձևաչափին համապատասխան՝ մենք ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել սպասարկման նոր մոտեցումներ ու նոր հնարավորություններ, որոնք կհեշտացնեն առօրյա գործընթացներն ու կլինեն առավելագույնս հարմար ու հասանելի։ Ուրախ ենք, որ Onex-ի մեր գործընկերների հետ մեկնարկող այս նախաձեռնության շնորհիվ ոչ միայն հաճախորդները կկարողանան արագ ստանալ իրենց առաքանիները, այլև լիցքավորել մեքենան էներգիայով ու շարունակել ճանապարհը՝ խնայելով ամենաթանկը՝ ժամանակը»։
Drive Thru համակարգն աշխատում է ամենապարզ եղանակով՝ սքանավորում եք բարկոդը տերմինալի միջոցով, ավտոմեքենայով մոտենում եք պատուհանին, ստանում առաքանին, շարունակում ճանապարհը. այս ամենը՝ առանց մեքենայից իջնելու։
Flash-Onex համագործակցության ամրագրումից հետո կողմերը կատարեցին առաջին խորհրդանշական գործարքը. Flash ընկերության գործադիր տնօրեն Սանասար Բեգլարյանը Onex-ից՝ Սամվել Մարտիրոսյանի ձեռքով ստացավ իր առաջին առաքանին։
Նշենք նաև, որ Drive Thru համակարգով աշխատող կետերն առաջիկայում ավելանալու են՝ ընդգրկելով ավելի շատ հասցեներ։