Մայր աթոռի կողմից կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանը հերքել է Էջմիածնի պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության մեջ նշված մեղադրանքը, թե «վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով իրեն դուրս դնելով Եկեղեցուց»։
Նա պնդել է, որ կաթողիկոսի անունը հնչեցրել է, և դա կվկայեն վերջին պատարագին մասնակցած անձիք։ Ինչ վերաբերում է Արագածոտնի թեմի առաջնորդի անունը չհնչեցնելուն, նա հաստատել է. «Ես կրճատել եմ միայն առաջնորդի հատվածը, որովհետև չեմ սիրում կեղծավորություն անել։ Վեհափառի հատվածը չեմ կրճատել, կրճատել եմ Արագածոտնի թեմի առաջնորդի անվան հատվածը։ Վեհափառի անունը տրվել է, վերջին պատարագի ժամանակ ժողովուրդը ով ներկա է եղել, կասի»։ Նա նշել է, որ թեմի առաջնորդի արարքները ճշմարիտ չի համարում, և նրա նկատմամբ սրբազան բառը չի կարող օգտագործել։