Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 20-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց:
Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի մի շարք որոշումներում: Չի ընդունվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբից հանելու առաջարկը:
Հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:
Խորհուրդը նաեւ քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել:
Քվեարկության արդյունքում ԿԿՀ անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը: