Հասարակություն

Գյումրին շարունակում է բնականոն կյանքը. Շիրակի մարզպետ

Գյումրին շարունակում է բնականոն կյանքը. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն արձագանքել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին ու ձերբակալությանը։

«Գյումրին ադաթի ու ավանդույթի քաղաք է, որտեղ առաջնայինն ազնվությունն է ու ճիշտ խոսքը։

Գյումրին շարունակում է բնականոն կյանքը, գյումրեցին շարունակելու է ապրել իր առօրյայով, չնայած որ փորձում են ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի երթևեկությունը խափանվի կամ ճնշման տակ հայտնվեն համայնքապատկան կառույցների աշխատակիցները։

Արկածախնդրություն է, զերծ մնացեք։

Ճշմարտությունը մեկն է՝ սեփական անձի կարևորման համար գյումրեցու հարմարավետությունը խաթարելու ու անվտանգությունը հարվածի տակ դնելու իրավունք որևէ մեկը չունի։

Մեր սիրելի գյումրեցիներին կոչ եմ անում պահպանել հանգստություն, չտրվել սադրանքների, իրավիճակը գնահատել օրենքի տեսանկյունից:

Իրավապահները գործում են բացառապես օրենքի սահմաններում։

Փորձելով հետ բերել հին ու իրենց կողմից շատ սիրված բարքերը` Գյումրու քաղաքային իշխանությունը չի վարանել ակտիվացնել կոռուպցիայի պրակտիկան, գուցե չպատկերացնելով, որ այսօրվա Հայաստանում նման մոտեցումները ներելի չեն:

Կոռուպցիան չի կարող հետ գալ, մենք դրա համար չենք պայքարել և դրան չեն միտված մեր բոլորի ջանքերն ու ամենօրյա աշխատանքը։

Ամենաթողությունն ու չակերտավոր ամենակարողությունը, որն օրենքից դուրս է, այլևս մեր կյանք չեն կարող վերադառնալ»,- գրել է նա սոցցանցի իր էջերում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական