Հասարակություն

Գևորգ Պապոյանը Շիրակի մարզում մասնակցել է «Ղափամա» փառատոնին

Գևորգ Պապոյանը Շիրակի մարզում մասնակցել է «Ղափամա» փառատոնին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզում մասնակցել է «Ղափամա» փառատոնին։

Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են համայնքների միավորմանը, բացում նոր հնարավորություններ զբոսաշրջության և տեղական արտադրության զարգացման ու տեղական ավանդույթների վերարժևորման համար, այլև նպաստում մարզային զբոսաշրջության աշխուժացմանը՝ ներկայացնելով Հայաստանի յուրահատուկ խոհանոցային արվեստի հարուստ ժառանգությունը։

«Մենք մեծապես կարևորում ենք մարզերում փառատոներ իրականացնելու գաղափարը։ Սա մի հարթակ է՝ ուղղված զբոսաշրջային առաջարկի դիվերսիֆիկացմանը և նոր զբոսաշրջային ուղղությունների ձևավորմանը։ Այս գործընթացը կարևոր դեր ունի զբոսաշրջային հոսքերը մարզեր ուղղորդելու և համաչափ տարածքային զարգացման, ինչպես նաև ներքին զբոսաշրջության խթանման տեսանկյունից»։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տաղավարներով, զրուցել փառատոնի մասնակիցների հետ։
Փառատոնն ուղեկցվել է համերգային ծրագրով։ Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել տաղավարներում համտեսել ազգային ուտեստներ, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։

Փառատոնի շրջանակում անց են կացվել նաև հայկական պարերի ուսուցման, կավագործության, գորգագործության, տիկնիկագործության վարպետաց դասեր։

Միջոցառումը կազմակերպվել էր «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության Lead4Shirak ծրագրի աջակցությամբ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական