Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնաբանել են Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որ այսօր տարածվել է համացանցում։
«Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։
Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։
Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։
Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- նշում են Մայր Աթոռից։
Հիշեցնենք, որ այսօր տարածվել է Տեր Նաթան արք. Հովհաննիսյանի և Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ աբեղան դժգոհում է, որ կաթողիկոսն իրեն հրահանգում է ընտանիքի հետ մասնակցել ընդդիմության հանրահավաքին, ինչին ինքը չի համաձայնվել։