Հասարակություն

Մասիսի Էլ. ցանցում բացահայտվել են էլեկտրաէներգիայի թերգրանցումներ

Մասիսի Էլ. ցանցում բացահայտվել են էլեկտրաէներգիայի թերգրանցումներ

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Նախօրեին անդրադարել էի ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի Արտաշատ Էլ.ցանցում արձանագրված Ինքնավար էլեկտրաարտադրողների (արեւային կայանների) կողմից արտադրված և բաշխիչ ցանց հետ մղված (ՀԷՑ-ին մատակարարված) էլենտրաէներգիայի քանակի՝ ավելի քան 817 հազար կՎտ.ժ էլեկտրաէներգիայի թերգրանցումների փաստերին։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի Անվտանգության և վերահսկողության տնօրինության և «Արաքս» մասնաճյուղի ղեկավար կազմի արդյունավետ փոխգործակցությամբ իրականացված ստուգումների արդյունքում այս անգամ արդեն Մասիսի Էլ. ցանցում արձանագրվել է շուրջ 830 հազար կՎտ.ժ էլեկտրաէներգիայի թերգրանցման փաստեր։

Այս դեպքում թերգրանցումներն առնչվում են շուրջ 435 սպառող սուբյեկտների (ֆիզիկական և իրավաբանական անձինք), ում ՀԷՑ-ի կողմից դարձյալ պետք է մարվի այս անգամ արդեն ձևավորված 830,055 կՎտ.ժ կուտակումը, ինչը կրկին անխուսափելիորեն Ընկերությանը պատճառելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ։

Արձանագրված նոր փաստերի առթիվ իմ կողմից պատշաճ հաղորդում կներկայացվի Գլխավոր դատախազություն, ինչպես նաև համապատասխան գրություն կհասցեագրվի ՀԾԿՀ նախագահին, սակայն ինձ մեծապես մտահոգում է այն հանգամանքը և ողջամիտ կասկած ունեմ առ այն, որ այս և նմանատիպ մեքենայություններն ու առերևույթ իրավախախտումներն ակնհայտորեն կարծես թե համակարգային բնույթ են կրել ժամանակին և դրանք ուղղակիորեն առնչվում են ոչ միայն Ընկերության կոմերցիոն շահին, այլ նաև փորձ է արվել «վնասել» հազարավոր մեր քաղաքացիների օրինական շահերին։

Ենթադրաբար, այս թերգրանցումներով ոմանք նպատակ են ունեցել՝ մի կողմից արհեստականորեն «նվազեցնելու» բաշխիչ ցանցում առկա իրական կորուստների ցուցանիշը, մյուս կողմից՝ գուցե այդ կերպ «կուտակած» ահռելի քանակի էլեկտրաէներգիան «մոնետիզացնելու» այլ եղանակներ կան, որոնք դեռ պետք է փորձենք բացահայտել։

Վստահ եմ՝ ՀԷՑ-ում բացահայտված այս և նմանատիպ մյուս առերևույթ իրավախախտումների պատշաճ գնահատականները կտրվեն նախաքննական մարմինների կողմից, իսկ մեր քաղաքացիների շահերի վերականգնման և կրած վնասների փոխհատուցման գործընթացներն անշեղորեն իրականացվում է մեր կողմից՝ օրենքով սահմանված դեպքերում և համապատասխան կարգով։

Հ.Գ. ՀԷՑ-ի ստորաբաժանումներում իրականացվող համալիր ստուգումների ու վերահսկողական գործառույթների մասշտաբներն ընդլայնվել են և առաջիկայում հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական