Hermès-ի պատմության մի ամբողջ դարաշրջան ավարտվում է․ տղամարդկանց հավաքածուների գեղարվեստական տնօրեն Վերոնիկ Նիշանյանը հրաժարվում է պաշտոնից՝ գրեթե չորս տասնամյակ ապրանքանիշին նվիրվելուց հետո։ Hermès-ի ներկայացուցիչները հաստատել են որոշումը։
Վերոնիկ Նիշանյանի նորաձևության պատմությունը սկսվել է Cerruti-ում, որտեղից 1988-ին նրան հրավիրել է Hermès-ի ղեկավար Ժան-Լուի Դյուման՝ ղեկավարելու տղամարդկանց հավաքածուների ուղղությունը։ Այդ պահից Նիշանյանը դարձել է Hermès-ի անբաժան մաս՝ ձևավորելով բրենդի յուրահատուկ ձեռագիրը՝ բարձրորակ նյութերի, նրբագեղ գունային համադրությունների և հագնելու հարմարավետության համադրությամբ։

Նիշանյանի հեռացումը կարևոր իրադարձություն է նորաձևության աշխարհում․ նա հանդիսանում էր ամենաերկար ժամանակ պաշտոնավարած կրեատիվ տնօրենը ոչ միայն Hermès-ում, այլև՝ ամբողջ ոլորտում։ Hermès-ի համար այս փոփոխությունը տեղի է ունենում այն պահին, երբ ընկերությունը շարունակում է ցուցադրել բացառիկ արդյունքներ՝ չնայած շքեղության ոլորտի ընդհանուր դանդաղեցմանը։ 2025 թվականի առաջին կիսամյակում բրենդը գրանցել է 8 տոկոս աճ, իսկ հագուստի և աքսեսուարների վաճառքը՝ 5.5 տոկոս աճ։