Հոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4․40-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները Հունան Ավետիսյանի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են երկու երիտասարդի, որից մեկը տեսնելով պարեկներին՝ փորձել է պայուսակում ինչ-որ իր թաքցնել։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 16-ամյա և Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ՝ 23-ամյա երիտասարդները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից կատարել են գողություն, այնուհետև մեքենաների վրա թողնելով տելեգրամյան ալիքների հասցեներ՝ գողացված մասերի տեղը հայտնելու համար մեքենայատերերից գումար են պահանջել:
Անձնական խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է 15 թուղթ՝ տելեգրամյան ալիքի հասցեով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։