Հոկտեմբերի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերով Ինժեներական քաղաք է այցելել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 16-րդ դափնեկիր, Analog Devices Inc. (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Նախարար Հայրապետյանի ուղեկցությամբ Վինսենթ Ռոշը շրջել է Ինժեներական քաղաքում՝ տեղում ծանոթանալով ենթակառուցվածքներին, այնտեղ մեկտեղված տեխնոլոգիական ընկերություններին, նրանց նախագծերին ու նորարարական լուծումներին։
Շրջայցից հետո ի պատիվ Ռոշի տեղադրվել է նրա անունը կրող առաջին աստղը։
Այնուհետև կայացել է Մխիթար Հայրապետյանի և Վինսենթ Ռոշի հանդիպումը, որի ընթացքում նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է Ռոշին՝ ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով և ներկայացրել ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Նախարարն անդրադարձել է տեխնոլոգիական էկոհամակարգին, ոլորտում առկա մասնագիտական ներուժին և ոլորտի զարգացման տեսլականին՝ ընդգծելով տեղական նորարարության, նոր լուծումների ստեղծման և գիտահետազոտական աշխատանքների իրականացման կարևորությունը։
Ի պատասխան՝ Վինսենթ Ռոշը հայտնել է իր ոգևորությունը Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ՝ հատկապես ինժեներական համակարգերի, կիսահաղորդչային արդյունաբերության և արհեստական բանականության ոլորտներում։
Ամփոփելով՝ կողմերը վերահաստատել են համագործակցության ուղիներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։