Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման պարզեցման օրենսդրական նախագծին․
«Շատ կարևոր է, թե ինչու ենք հայտարարագրի պարզեցման նախագիծ իրականացնում։ 130 հզ. մարդ ներկայացրել է հայտարարագիր, և հնարավորություն ունենք նրանց ներկայացրածով վերլուծել պատկերը»,- ասել է վարչապետը և հավելել՝ պատկերից պարզ է, որ հայտարարագիր ներկայացրածների 61%-ը ինքնաշխատ ներկայացված հայտարարագրի ձևում ոչ մի փոփոխություն չի արել։
Վարչապետը նշել է, որ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների 79%-ը լրացրել են տվյալներ, որոնք, մեծ հաշվով, կարող են հասանելի դառնալ կառավարությանը, մասնավորապես, ստացված վարկերի և փոխառությունների մասին. «Եթե լրացնում ենք այն մարդկանց, որոնք ավելացրել են իրենց ստացած վարկերը և փոխառությունները, ստացվում է 79%։ Ըստ էության, պետությանը ոչ մի նոր տվյալ չի տալիս և լրացնում է միայն այն տվյալները, որը գիտի կամ քաղաքացու թույլտվության դեպքում կարող է իմանալ»։
Վարչապետի խոսքով՝ եկել են լուծման. եթե 79%-ի դեպքում նման պատկեր է, ապա պետք է հայտարարագիրը լրացվի ինքնաշխատ. «Եթե ունեք սոցիալական կրեդիտ, պետք է սոցիալական ստորագրության միջոցով հաստատեք այն։ 2-րդ խմբի դեպքում, ովքեր ունեն վարկեր և փոխառություններ, մենք հնարավորություն ենք տալիս արդեն իսկ հայտնի տվյալը նույնպես ինքնաշխատ ձևով գեներացնել»,-ընդգծել է նա։