Հասարակություն

Կառավարությունը միացել է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման արշավին

Կառավարությունը միացել է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման արշավին

Կառավարության այսօրվա նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է և տարբեր միջոցներով հիշեցնում են կանանց հետազոտման և տարեկան անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտություններն անցնելու մասին: Նախարարը նշել է, որ այս տարի ևս Երևանում մի շարք շենքերի վրա փակցվել են հիշեցնող պաստառներ: «Այս տարի պետությունը սկսել է սքրինինգային ընդլայնված ծրագիր՝ պետպատվերով փակվում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար մամոգրաֆիկ հետազոտությունների գումարը: Մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել: Մեր կարգախոսն է, որ 1 հետազոտությունը կարող է կյանք փրկել: Պետք է հիշեցնել, որ կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ հիվանդության և մահացության բեռ է, և նման արշավների միջոցով, գրագետ, ճիշտ, կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել թե՛ մահացությունը, թե՛, իհարկե, շատ ավելի լավ կյանքի որակ ունենալը: Եվ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաև Կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե առողջապահական ապահովագրության մեջ սքրինինգները ներառվելու՞ են, ինչին ի պատասխան նախարարը հայտնել է. «Այո, ապահովագրության նպատակը լինելու է հիվանդության հայտնաբերումը վաղ փուլերում: Ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում: 10-ից ավելի բժշկական կենտրոններ հիմա իրականացնում են պետական ծրագրով սքրինինգային հետազոտություններ, և ապահովագրության փաթեթում էլ ներգրավված լինելու են նման ծրագրերը»:

Վարչապետը նշել է, որ իրազեկման տեսանկյունից ճիշտ կլինի նաև վիճակագրություն հրապարակել, թե վաղ հայտնաբերման քանի տոկոսի դեպքում է հիվանդության կանխարգելում ու բուժում արձանագրվում: «Քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է, և հիմա ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավճիռ է: Բարեբախտաբար, շատ են դեպքերը, երբ հիվանդությունը բուժվում և հաղթահարվում է, բայց, իհարկե, սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը, և այդ առումով այս ծրագիրն իսկապես կարևոր է: Նաև, ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է, և շատ կարևոր է՝ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտությունն անցնեն: Իհարկե, առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ այս խնդիրն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի»,- ասել է վարչապետը:

Արձագանքելով՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ սքրինինգային ծրագրերի հատվածական ներդրումը, վիրահատությունների՝ պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումն արդեն իսկ վիճակագրության վրա լավ ազդեցություն են ունեցել: «Մենք 2023 և 2024 թվականի տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում: Ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացությունների թվի կրճատում, ինչը լավ ընթացք է, և սա է մեր նպատակը, որ հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր դեպքերը, և ճիշտ բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր»,- ասաց նա:

Քննարկվող թեմայի համատեքստում վարչապետն անդրադարձել է կրթության կարևորությանը՝ ընդգծելով, որ է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման առանցքը կրթությունն է։ «Խնդրում եմ, ներեցեք կրկնվելու համար, բայց ես նորից համոզվում եմ՝ չկա գեթ մեկ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Ես վերհիշում եմ իմ գործունեությունը թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես պատգամավոր, և չեմ կարող հիշել որևէ հարց, որի լուծման հիմքում կրթությունը չլիներ։ Եթե գծվել է որևէ ուղղություն, որը չի անցնում կրթությամբ, ուրեմն դա լուծում չէ, դա պարզապես ձևակերպում է, որը արդյունք չի տալու: Սա էլ է շատ կարևոր հանգամանք, որ մենք Կառավարության նիստում հատուկ այս հարցին անդրադառնում ենք: Սա նաև կրթություն է մեզ համար: Ի վերջո, Կառավարությունն առաջնորդն է երկրի և հանրության, և Կառավարությունը պետք է առաջնորդի նաև այստեղ՝ մարդկանց իրազեկելով, ցույց տալով, հորդորելով, խնդրելով, ճանապարհը ցույց տալով, որպեսզի մենք կրկին չգնանք հասնենք այն կետերին, երբ օգնությունն արդեն միայն մխիթարանք է։ Այժմ մենք կարող ենք օգնել հենց այս մեթոդով՝ յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն օգնել: Եվ կոչն ու խնդրանք է մեր հարգելի կանանց, որպեսզի նրանք անպայման այս կանխարգելիչ հետազոտությունները անցնեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական