Գործադիրը հավանություն է տվել նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի նպատակն է թվայնացնել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, միաժամանակ ավելի դյուրին և արդյունավետ դարձնել օտարերկրացիների հաշվառման վարչարարության իրականացումը, հստակեցնել կացության կարգավիճակների տեսակներն ու կացության կարգավիճակ տալու վարույթի իրականացման մեխանիզմները և լուծում տալ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրների։ Հաշվի առնելով վերջին շրջանում դեպի ՀՀ ուղղված աշխատանքային միգրացիոն հոսքերի ակտիվությունը և այդ հոսքի կանոնակարգման անհրաժեշտությունը, նախագծում անդրադարձ է կատարվել նաև օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային վիզայի տրամադրման հետ կապված հարցերին։
Մասնավորապես առաջարկվում է՝ ձևավորել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական համակարգ, որին հասանելիություն կունենան գործընթացներում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինները և որի տվյալների շտեմարանից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։
Նախատեսվում է ապահովել ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացիների նույնականացումը՝ սահմանելով օտարերկրացուն ՀՀ կողմից տրվող բնակության օրինականությունը հաստատող փաստաթղթերի հասկացությունը և սահմանափակելով օտարերկրացու կողմից միաժամանակ մեկից ավելի բնակության օրինականությունը հաստատող փաստաթուղթ ունենալու հնարավորությունը, ինչն էլ կբացառի օտարերկրացու կողմից տարբեր անհատական տվյալներով հանդես գալու և չարաշահումներ թույլ տալու դեպքերը։ Առաջարկվում է նաև պարզեցնել ՀՀ կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը՝ թվայնացնելով դիմումների ներկայացման և քննարկման գործընթացները։ Դա հնարավորություն է տալու օտարերկրացուն խուսափել անհարկի հերթերից և կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնել բացառապես առցանց եղանակով, նույն եղանակով էլ ստանալ տեղեկատվություն իր դիմումի ընթացքի վերաբերյալ։
Օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային միասնական հաշվառման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել ոլորտում պետության լիազորությունների արդյունավետ իրականացումը, կառավարելիության բարելավումը։ Միաժամանակ, ապահովել կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացած հանգամանքների նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը։ Օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար պետական տուրքի սահմանումը, այդ թվում՝ դիմումների քննարկման համար պետական տուրքի գանձումը, կացության կարգավիճակների արտոնությունների քաղաքականության վերանայումը թույլ կտա որոշակիորեն փոխհատուցել այդ ծառայությունների մատուցման համար պետության կողմից կատարվող ծախսերը և ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները։