Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարել՝ էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար ԱԱՀ-ից ազատման գործող արտոնությունը երկարաձգելով ևս 1 տարով:
Նախարարը նշել է, որ էլեկտրական շարժիչով վերոնշյալ տրանսպորտային միջոցները մինչև 2026-ի հունվարի 1-ը ազատված են ԱԱՀ-ից, և որ այս արտոնությունը գործում է 2019-ից: «Հաշվի առնելով վերջինիս դրական արդյունքները՝ նպատակահարմար է այն երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ էլեկտրական տրանսպորտային միջոցների՝ երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն: Մասնավորապես, համաձայն Մաքսային միության հանձնաժողովի որոշման՝ Հայաստանը 2022-ին ունեցել է 7000 միավոր, 2023, 2024, 2025 թվականների համար՝ տարեկան 8000 միավոր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում»,- ասել է նախարարը:
Գևորգ Պապոյանը նշել է, որ ԱԱՀ-ի և մաքսատուրքերի ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ Հայաստան ներմուծման ծավալները: Մասնավորապես՝ 2023-ին ներմուծման ծավալը կազմել է 9635 միավոր, ինչը 2022 թվականի համեմատությամբ աճել է 75 տոկոսով, 2024-ին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 2023-ի համեմատությամբ աճել է 22 տոկոսով: «Միաժամանակ հարկ է նշել, որ տարեսկզբից մինչև հոկտեմբերի 14-ը, համաձայն ՊԵԿ-ի տեղեկատվության, ՀՀ է ներմուծվել էլեկտրական շարժիչով 3 ավտոբուս, 14,888 միավոր մեքենա: Այսինքն՝ սա նշանակում է, որ ավելի քան 3000 մեքենա է ավելի ներմուծվել անցած տարվա ընդհանուր թվի համեմատությամբ, և ևս 2634 միավոր մոտոցիկլետ և մոպեդ, ինչը նույնպես կարևոր ցուցանիշ ենք համարում: Վերոնշյալ ցուցանիշները ցույց են տալիս, որ տրամադրված արտոնությունները նպաստել են էլեկտրական տրանսպորտի ներմուծման և կիրառման տարածմանը, ուստի նպատակահարմար է շարունակել տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ երկարաձգելով ԱԱՀ-ից ազատման ժամկետը ևս 1 տարով՝ մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը»,- ասել է նախարարը:
Առաջարկվում է նաև այս արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների վրա, որոնք թողարկվել են 2024-ին և դրանից հետ: «Արտոնության կիրառումը կնպաստի նաև շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ ավտոպարկի թարմացմանը»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Նախարարը հավելել է, որ որոշումն ունի նաև բնապահպանական կարևորություն, որը վերաբերում է ՀՀ-ի ստանձնած պարտավորությանը՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելուն ուղղված:
Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է Երևանի խցանումների խնդրին, որը կապված է մեքենաների թվի հետ և տեղեկացրել, որ Ներքին գործերի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին հանձնարարել է ճգնաժամային խումբ ստեղծել՝ խնդիրը համակարգված վերլուծելու և լուծումներ մշակելու համար։