Հասարակություն

Որտեղ է դիտվել սեպտեմբերի առավելագույն և ամենացածր ջերմաստիճանները

Որտեղ է դիտվել սեպտեմբերի առավելագույն և ամենացածր ջերմաստիճանները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի սեպտեմբեր ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում։

«2025 թվականի սեպտեմբեր ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․1°C, որը նորմայից ցածր էր 0․8°C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 44․3մմ, նորմայից բարձր էր՝ կազմելով նորմայի 140%-ը։

Սեպտեմբերի առաջին տասնօրյակը առանձնացավ նորմայից բարձր ջերմաստիճաններով։ Սեպտեմբերի 1-ին Արարատում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանը հասավ 37․6 °C-ի։

Ամսվա երկրորդ և երրորդ տանսօրյակներին հանրապետության շրջանների մեծ մասում դիտվեցին նորմայից ցածր ջերմաստիճաններ։ Միջին օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից հատկապես Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում՝ միջինը 2-4 աստիճանով։

Սեպտեմբեր ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 21-ին և 22-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում (3229 մետր բարձրության վրա)՝ -4․8 °C։
Ամսական տեղումների քանակի հիմնական մասը դիտվեց սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներին։ Սեպտեմբերի 10-ից 11-ը առանձին շրջաններում տեղաց կարկուտ։

Ամսվա վերջին տասնօրյակը համեմատաբար չորային էր։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք սեպտեմբերը դիտվել է 2017 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 16․4°C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 10․4°C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ սեպտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 111․4մմ, իսկ ամենաչորը՝ 2007 թվականին՝ 1․7մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սեպտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․5°C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 13%-ով կամ 4․2մմ-ով»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական