Հասարակություն

ՀՀ պետական մրցանակ Վինսենթ Ռոշին

ՀՀ պետական մրցանակ Վինսենթ Ռոշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գործադիր մարմնի անդամներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին: Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Վինսենթ Ռոշին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և նշել, որ ժամանակակից և տեխնոլոգիաների աշխարհում մեր մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մրցանակակիրների հետ ունեցած հանդիպումների ու զրույցների կարևորությունը Կառավարության քաղաքականությունների մշակման գործում: «Այն հարցին, թե ինչո՞ւմ է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան՝ կրթությունը, կառավարությունը մեզ համար ապահովել է կրթություն՝ հանրակրթություն, բարձրագույն, հետբուհական: Գուցե նաև մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած մեր խոսակցություններն են իրենց ազդեցությունն ունեցել այն հարցում, որ մենք հիմա այդքան շատ կենտրոնացած ենք կրթության վրա: Իհարկե, նաև մեր փորձը, իմացությունն ու պրակտիկան է մեզ բերել հետևյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով՝ կլինի դա արտաքին քաղաքականության, կլինի ներքին քաղաքականության, շինարարության, հումանիտար ոլորտի, սոցիալական»,-ասել է երկրի ղեկավարը:

Աղքատությունը հաղթահարելու հարցում էլ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթության ապահովման կարևորությունը, որովհետև աղքատախնամությունն այդ մարդկանց կյանքում գրեթե ոչինչ չի փոխում, այլ ընդհակառակը՝ օգնություն ստանալը նրանց համար դառնում է սովորական մի բան. «Մենք այդ ընտանիքների երեխաներին շատ դեպքերում դատապարտել ենք աղքատության, որովհետև չենք նկատել, որ իրենց գյուղում դպրոց չկա, իրենց գյուղում մանկապարտեզ չկա: Եվ սա է պատճառը, որ մենք համոզված ենք՝ եթե ուզում ենք լուծել սոցիալական խնդիրները Հայաստանում, ապա աղքատության հարցի լուծման մի ճանապարհ կա՝ դա կրթություն է, որովհետև այսօր Հայաստանում աղքատության մեջ գտնվող մարդկանց 80 և ավելի տոկոսի աղքատ լինելու պատճառն իրենց ստացած կամ չստացած կրթության մեջ մենք պետք է փնտրենք»։

Վարչապետի խոսքով՝ այս մրցանակաբաշխությունը, մրցանակակիրները Կառավարությանը ստիպում են ավելի ու ավելի շատ կենտրոնանալ կրթության ոլորտի խնդիրների վրա: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և նշել, որ այն, ի հեճուկս շատերի չհավատալուն, իրականություն է դառնալու. «Ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ Կառավարության որոշմամբ կհաստատենք Ակադեմիական քաղաքի մաստեր պլանը և կանցնենք իրագործման փուլին»։

Մեկ անգամ ևս շնորհավորելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկրին՝ Վինսենթ Ռոշին, վարչապետը նշել է. «Ձեր ներկայությունը մեզ քաջալերում է լինել ավելի ստեղծագործ, ավելի լավատես, ձեր օրինակով հավատալ մեր սեփական ուժերին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական