Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ինչպես հայտնել է նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. ընդգծվել է երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության, մասնավորապես՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՄԱԿ-ի շրջանակում նախատեսված աշխատանքների կարևորությունը։
Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացքին։
Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ ՌԴ պետական և հասարակական հատվածից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցությունը պետք է համակարգվի ԱՍՀ նախարարության հետ, որպեսզի օգնությունը ընտանիքներին բաշխվի առավել հասցեական։
Դեսպան Կոպիրկինը ևս ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել հնարավոր ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։