Հասարակություն

Ի՞նչ անել օդի աղտոտվածության դեպքում․ խորհուրդներ՝ ԱՆ-ից

Ի՞նչ անել օդի աղտոտվածության դեպքում․ խորհուրդներ՝ ԱՆ-ից

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը

Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․ շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն), սրտանոթային խնդիրների սրացում․ աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն, գլխացավեր, հոգնածություն։ Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։

Ինչպե՞ս պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին

Մնացե՛ք փակ տարածքում։ Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։ Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։ Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում։  Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։

Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը

Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։

Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին

Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։

Այսօր ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով՝ նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Քաղաքապետը հորդորել էր սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական