14։00-ի դրությամբ՝ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։ Միևնույն ժամանակ՝ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել»,- գրել է քաղաքապետը։
Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով՝ նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Քաղաքապետը տեղեկացրել էր նաև, որ Նուբարաշենի աղբավայրում գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները, մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված։