Հասարակություն

Պապոյանն այցելել է Ամուլսար

Պապոյանն այցելել է Ամուլսար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության պայմաններին։ Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 մլն դոլար, որից 250 մլն-ը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։

«Ամուլսարի ծրագիրը մեր երկրի ամենամեծ ներդրումային նախաձեռնություններից է․ այն միաժամանակ խթանում է արդյունաբերության զարգացումը, ստեղծում նոր աշխատատեղեր և ապահովում զգալի հարկային մուտքեր պետական բյուջե»,- նշել է նախարարը։

Նա հետևել է Ամուլսարի հանքավայրի տարածքում ենթակառուցվածքների և հիմնական շինարարական օբյեկտների լայնածավալ աշխատանքներին, որոնցում ներգրավված է 10-ից ավելի ընկերություն։ Հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք: Ոսկու ներկայիս շուկայական գների հաշվարկով տարեկան վճարվելիք հարկերն ու ռոյալթիները շահագործման ընթացքում կազմելու են ավելի քան 120 մլն դոլար։

Շահագործման ընթացքում ստեղծվելու է ավելի քան 1000 աշխատատեղ։ Ընկերությունը նաև պարտավորվել է տարեկան 7 մլն դոլար վճարել Ամուլսարի շրջակա խոշորացված Վայք, Սիսիան և Ջերմուկ համայնքներին։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամուլսարի ծրագրում ներգրավված է եղել 890 աշխատակից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական