«Կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է։ Վերջին հատվածների չեզոքացման աշխատանքները շարունակվում են մինչ այժմ»,-հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցները ողջ գիշեր աշխատել են։
«Ուզում եմ արձանագրել, որ այս դեպքը պատահական չէր, այլ՝ դիտավորություն։ Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ։ Հրդեհի հետ կապ ունեցած որևէ անձ կենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ»,-ընդգծել է քաղաքապետը։
Նա նաև նշել է, որ խստացվել է աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմը։
Քաղաքապետի խոսքով, արդեն մշակվել է կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի կհայտարարվի դրա առաջին փուլը. «Սա է այն համակարգային լուծումը, որ մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը»։ Ըստ նրա՝ սա բնապահպանական ու անվտանգային հարց է։