Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։
Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը և կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Քննության առնված նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը վերլուծելով փաստական հանգամանքները՝ որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը: