ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շարունակում է չնախատեսված այցելությունները հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տեղում ծանոթանալու դասերի կազմակերպման ընթացքին և առկա խնդիրներին։
Այս անգամ նախարարի տեղակալն այցելել է Երևանի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք կրթական հաստատություններ։
Արաքսիա Սվաջյանի առաջին կանգառը եղել է Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ նա ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային ապահովվածությանը, ինչպես նաև զրուցել է աշակերտների և մանկավարժների հետ։ Նշվել է, որ hանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված նոր դասագրքերի բաշխումն ավարտված է։
Հաջորդիվ նախարարի տեղակալն այցելել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ նրան են ներկայացվել հաստատության ընթացիկ աշխատանքներն ու պայմանները։ 2025/2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով քոլեջի 220 սահմանված տեղերը համալրվել են: Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է պետության կողմից գերակա ճանաչված՝ գյուղատնտեսական ուղղություններով սովորող ուսանողների համար կրթաթոշակների տրամադրման գործընթացով, որի շրջանակում սովորողներն ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Քոլեջում կրթաթոշակ է նախատեսված «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում», «Ձկնաբանություն և ձկնաբուծություն», «Ջերմատնային տնտեսություն» և «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների կազմակերպում» մասնագիտությունների համար: Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով առանձնահատուկ տեղ է տրված աշխատանքի վրա հիմնված կրթությանը։ Այս մոդելը հնարավորություն է տալիս ուսանողներին համատեղելու տեսական ուսուցումն ու գործնական փորձը, որը կարևոր է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ ստանալու առումով։
Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց, ծանոթացել ուսումնական գործընթացին: Ընթացիկ ուսումնական տարում այս դպրոց է ընդունվել 7 տարին լրացած 11 երեխա, որոնք, ընդգրկվել են իրենց տարիքային խմբին համապատասխան՝ երկրորդ դասարանում՝ համաձայն գործող կարգի: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է դասասենյակներում, զրուցել աշակերտների, մանկավարժների և ղեկավար կազմի հետ՝ պարզելու երեխաների ադապտացիայի և ուսումնական գործընթացում ներգրավվածության հետ կապված իրավիճակը:
Բարձր դասարանների աշակերտների հետ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը խոսել է մասնագիտական խմբակների գործունեության, մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների, ինչպես նաև հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում ներդրված խորացված առարկայական ուսուցման մասին։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նոր մոտեցումները կօգնեն աշակերտներին առավել արդյունավետ օգտագործել դպրոցում ստացած գիտելիքները բուհեր ընդունվելու ժամանակ՝ նվազեցնելով կրկնուսույցների կարիքը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի վերջին կանգառը եղել է Հանրապետական թիվ 2 կրթահամալիրը: Արաքսիա Սվաջյանը շրջել է դասասենյակներով, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է սովորողների հաճախումների նկատմամբ հետևողականության կարևորությունը:
Նախարարի տեղակալի՝ ուսումնական հաստատություններ այցերը կլինեն շարունակական: