Հասարակություն

Արսեն Թորոսյանն այցելել է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն

Արսեն Թորոսյանն այցելել է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն: 

Նախարարությունից հայտնում են, որ վերանորոգված խնամքի կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ այլ պատգամավորներ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Շվեցարական Կարմիր Խաչի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան, Ավստրիական Կարմիր Խաչի երկրի համակարգող Քրիստինա Իսպիրյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և այլ հյուրեր։

Միջոցառմանը նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով հաստատությունում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման և արժանապատիվ ծերություն ապահովելուն ուղղված աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել համայնքահեն ծառայությունների այնպիսի շրջանակ, որը հնարավորություն կտա ավագ սերնդի ներկայացուցիչների մասնակցությունը տարբեր ոլորտներում, կարողությունների շարունակական զարգացումն ու ներուժի օգտագործումը։ 

«Այս կենտրոնը, որը վերջին տարիներին վերանորոգվել և արդիականացվել է, ավելին է, քան պարզապես խնամքի վայր: Այն մեր հարգանքի և երախտագիտության խորհրդանիշն է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր իրենց կյանքով, աշխատանքով և նվիրումով իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման գործում: Սա նաև պետության կողմից նման հաստատություններում կյանքի որակի բարձր ստանդարտներ սահմանելու և դրանցով հետևողականորեն առաջնորդվելու մասին է։ Մենք խորապես կարևորում ենք մեր ավագ սերնդի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի անհատական խնամքը: Այս կենտրոնը ստեղծված է հենց այդ նպատակով՝ ապահովելու ոչ միայն ֆիզիկական, բարեկեցություն, այլև հոգևոր-մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն»- ընդգծել է նախարարը: 

Նախարար Թորոսյանն իր ելույթում անդրադարձել է նաև Ճապոնիայի կառավարության կողմից կենտրոնի վերակառուցման գործում ցուցաբերած աջակցությանը՝ շեշտելով բարեկամ երկրների միջև եղած արդյունավետ համագործակցության դերը։ 

Միջոցառման ավարտին ԱՍՀ նախարարության և Հայկական կարմիր խաչի ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Ղարաբաղի փախստականների կամ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց ուղղված սոցիալական աջակցության շրջանակում համագործակցության մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական