Աֆղանստանում մի շարք սոցիալական ցանցեր ենթարկվել են սահմանափակումների։ Այս մասին BBC-ի աֆղանական ծառայությանը հայտնել են Թալիբանի կառավարության աղբյուրները։
Ըստ Աֆղանստանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների՝ Facebook, Instagram և X (նախկին Twitter) հարթակներում կիրառվել են ֆիլտրեր՝ որոշ բովանդակություն արգելափակելու համար։ Չի պարզաբանվում, թե կոնկրետ ինչ հրապարակումներ են դարձել թիրախ։
Այս քայլը հաջորդել է նախորդ շաբաթվա երկօրյա համընդհանուր ինտերնետային անջատմանը։ Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն ներկայացրել որևէ բացատրություն։ Միևնույն ժամանակ, NetBlocks կիբերանվտանգության կազմակերպությունը հաստատել է, որ սահմանափակումներն իսկապես կիրառվել են դիտավորությամբ։ Աֆղանստանի տարբեր նահանգների բնակիչներ հայտնել են, որ ինտերնետը դանդաղ է աշխատում: