Հասարակություն

Այս տարի պլանավորվում է մթերել մինչև 200 հազար տոննա խաղող

Այս տարի պլանավորվում է մթերել մինչև 200 հազար տոննա խաղող

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2025 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություն, ըստ որոնց՝

- խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թ. արտահանված արտադրանքի արժեքը,

- Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվում է մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «2025 թ. խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը,

- Ծրագրի շրջանակում 2025 թ. խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի համար պայմանագրերի կնքման մինչև սեպտեմբերի 1-ը ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 1-ը։

Արդյունքում՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախագիծը մշակվել է խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, քանի որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել վարկեր ներգրավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցով: Գևորգ Պապոյանը նշել է նաև, որ ընթացիկ տարում արտադրված խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը. «Խաղողի մթերումները սկսվել են օգոստոս ամսվա երրորդ տասնօրյակից: Մթերումներ են իրականացվել շուրջ 50 մթերման կետերում: Այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող նախորդ տարվա նույն օրվա 147 հազար տոննայի համեմատ, այսինքն՝ 20 հազար տոննա ավելի է մթերվել: Պլանավորվում է, որ այս տարի մինչև 200 հազար տոննա խաղող կմթերվի»:

Փոխվարչապետը, անդրադառնալով որոշմանը, կարևորել է այս գործիքի կիրառումը՝ մթերող կազմակերպությունների համար լուծում է խաղողի մթերման համար անհրաժեշտ վարկերի ներգրավման հարցը, որովհետև Կառավարության երաշխավորությամբ բանկի համար լրացուցիչ երաշխիք է, որ այդ վարկերը կսպասարկվեն: «Վարկերն այս ժամանակահատվածում սպասարկվել են ամբողջ ծավալով, և երբևէ առիթ կամ անհրաժեշտ չի եղել, որ Կառավարության կողմից նախապես հայտարարված երաշխիքները կիրառվեն: Այսինքն՝ չենք ունեցել այնպիսի դեպք, որ Կառավարությունը ստիպված լինի իր երաշխիքների ուժով առևտրային բանկերի նկատմամբ մարել այնպիսի վարկային պարտավորություններ, որոնք ներգրավված են եղել խաղողը մթերելու համար: Այսինքն՝ կարող ենք ասել, որ գոնե առ այսօր, սա այն արդյունավետ գործիքներից մեկն է, որ մի կողմից՝ օգնել է մեր կազմակերպություններն անհրաժեշտ չափով վարկային ռեսուրսներ ներգրավելով ապահովեն խաղողի բնականոն մթերումների ընթացք, և մյուս կողմից՝ չենք ստեղծել այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին լրացուցիչ ֆինանսական ծախսեր կրելու առիթ դառնալ», -ասել է Տիգրան Խաչատրյանը:

Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է 2025 թ. խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ բյուջետային երաշխիքները տրամադրվում են առանց ապահովման լրացուցիչ միջոցների՝ առավելագույնը մինչև 27 ամիս մարման ժամկետով: Շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական