Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների համար Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման մարտավարություն» թեմայով դասընթաց։ Դասընթացն անցկացրել են Ֆրանսիայի ՆԳՆ քաղպաշտպանության վարչության փորձագետները, մասնակցել են նաև Կենտրոնի հրահանգիչները:
Դասընթացին մասնակցել են 24 փրկարարական ծառայող։ Դասընթացի շրջանակում կազմակերպվել են տեսագործնական պարապմունքներ՝ ապահովելով համապարփակ և ինտենսիվ ուսուցողական փորձառություն:
«Դասընթացի նպատակն էր հայ փրկարարներին ծանոթացնել կրակի զարգացման աստիճաններին, բացահայտելով կրակի բնույթը՝ հասկանալ, թե ինչպես ապահովել անվտանգությունը: Միևնույն ժամանակ գտնվելով տարբեր հրդեհային իրավիճակներում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ փակ ջերմային ազդեցության գոտում՝ կիրառելով ստացված գիտելիքները»,- ասել է Բերնարդ Ժանինը:
Պարապմունքներն անցել են բարձր ինտերակտիվ և պրակտիկ ձևաչափով, իսկ մասնակիցները՝ ստացել խորքային գիտելիքներ հրդեհների զարգացման և գազափոխանակության գործընթացների վերաբերյալ, ուսումնասիրել են հրշեջների մասնագիտական պարտականությունների ամբողջական շրջանակը, ինչպես նաև իրականացրել ճշգրտված և փորձառական հրդեհաշիջման աշխատանքներ՝ ապահովելով առավելագույն պրոֆեսիոնալիզմ և հմտությունների բարձրացում։ Դասընթացի գործնական փուլի ընթացքում Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի հերթապահ բժիշկը վերահսկել է փրկարարների առողջական ցուցանիշները՝ չափելով արյան ճնշումն ու սատուրացիայի մակարդակը՝ նպատակ ունենալով ապահովել աշխատանքների անվտանգ և վերահսկելի ընթացքը։
Ինչպես նշել է ֆրանսիացի փորձագետը, հայ փրկարարները ոչ միայն ակտիվ, այլ նաև մեծ ոգևորվածությամբ, ջանասիրությամբ և բարձր մասնագիտական պատրաստվածությամբ մասնակցեցին դասընթացին։ Նրանց ներգրավվածությունը նպաստել է արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորմանը, իսկ մասնակիցների միջև փորձի փոխանակումն էապես խորացրել թե՛ տեսական, և թե՛ գործնական գիտելիքները:
Սա վկայում է այն մասին, որ դասընթացը հայ փրկարարների համար ոչ միայն օգտակար, այլև արժեքավոր փորձառություն էր՝ մասնագիտական հմտությունների զարգացման, նոր գիտելիքներ ձեռք բերելու և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու տեսանկյունից։ Այն իրապես դարձել է փոխադարձ սովորելու հարթակ՝ նոր փորձի փոխանակման ու ապագա համագործակցության ամուր հիմք ստեղծելու համար։