ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր պաշտոնավարման օրոք ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ Հայաստանից հեռանալու պատմությանը։
Radar Armenia-ն Ռոբերտ Քոչարյանին հարցրել է. «Ձեր՝ նախագահ դառնալուց հետո Հայաստանից հեռացավ Վանո Սիրադեղյանը։ Նրա հեռանալու պատմությունը, կարծես, տաբու լինի հայ քաղաքական կյանքում, ոչ ոք չի խոսում։ Կարո՞ղ եք տասնամյակներ անց բացահայտել՝ ինչպե՞ս հեռացավ Սիրադեղյանը, կա՞ր քաղաքական պայմանավորվածություն, որ նա չպետք է մնա Հայաստանում և քաղաքականությամբ զբաղվի։ Ի վերջո, գնահատականներ կան, որ նա նախկինների քավության նոխազն էր Ձեզ համար։ Քանի որ Ձեր գրքում շատ հպանցիկ եք անցել թեմայի վրայով, այսօր կբացահայտե՞ք այս պատմությունը»։
Ի պատասխան՝ Քոչարյանն ասել է, որ այդ հարցով լրագրողն իրեն անհարմար դրության մեջ է դնում. «Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված էր քրեական գործ, Սիրադեղյանն ուղղակի փախել էր Հայաստանից։ Հիմա ինձ դժվար վիճակի մեջ եք դնում. մի հարց է խոսել Հայաստանից փախած մեկի մասին, որ ինչ-որ տեղ է, այլ հարց՝ խոսել մահացած մարդու մասին։ Ինձ դժվար դրության մեջ եք դնում։ Ես չեմ ուզում ասել մահացած մարդու մասին այն ամենը, ինչ գիտեմ։ Իսկապես չեմ ուզում ասել»։