Հասարակություն

Պարեկները 4 մեքենայով հետապնդել են Վարդան Ղուկասյանին. Գյումրիի քաղաքապետարան

Պարեկները 4 մեքենայով հետապնդել են Վարդան Ղուկասյանին. Գյումրիի քաղաքապետարան

Գյումրիի քաղաքապետարանը հերքել է ՆԳՆ պնդումները, թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան այսօր հետապնդվել է պարեկային ծառայության 4 ավտոմեքենայի կողմից, երբ քաղաքապետն իր տանից ուղևորվել է աշխատանքի՝ Գյումրու քաղաքապետարան։ Նրա տանից մինչև քաղաքապետարան հեռավորությունը 300 մետր է, քաղաքապետարան հասնելու ճանապարհը մեկն է, այլ ճանապարհ չկա։ Նշված ճանապարհով քաղաքապետն ամեն օր է գալիս աշխատանքի։ Երթևեկության կանոնների խախտում այդտեղ անհնար է կատարել։

Ուստի, ՀՀ ՆԳՆ-ի տարածած հայտարարությունը, թե մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով, բացարձակ սուտ է։

Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ տեսուչի կողմից քաղաքապետարանի շենքի դիմաց արված հայտարարության համաձայն՝ մեքենան պետք է տեղափոխվեր հատուկ պահպանվող տարածք՝ մեքենայի տեխնիկական փաստաթղթերի մեջ առկա թերությունների պատճառով։ Հետևապես, ՀՀ ՆԳՆ-ի հայտարարությունը վկայում է կոնկրետ Գյումրու քաղաքապետի դեմ իջեցված պատվերի, գործողությունների պլանավորված սցենարի և ուժային կառույցների միջոցով քաղաքական հաշվեհարդարի մասին։

Նշենք, որ Գյումրու քաղաքապետի ավտոմեքենան, այնուամենայնիվ, չտեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք՝ 10-օրյա ժամկետում փաստաթղթերի ուսումնասիրության հիմքով։

Հիշեցնենք` Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումները սկսվեցին դեռեւս նախընտրական շրջանում, երբ նա հայտարարել էր, որ առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնել էին, որ այդ մեքենան «վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ժամանակ է տրվել՝ մյուս խախտումը վերացնելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական