Հասարակություն

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: 

Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ տվյալ անձինք Մետրոպոլիտենի հավաքակայանում պետք է իրականացնեին վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքների կատարման համար ութ անձի փոխանցվել է ընդհանուր՝ 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ութ անձից կազմված խումբը ձևավորվել է Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների կողմից, ինչպես նաև վերջիններս չեն հանդիսացել Մետրոպոլիտենի աշխատակիցներ և նախկինում որևէ առնչություն չեն ունեցել վագոնների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների հետ:

Վերոգրյալի պայմաններում, նախկին գլխավոր ինժեները տվյալ անձանց կողմից վագոնների վերանորոգման աշխատանքների չկատարումը քողարկելու նպատակով՝ հավաստիացրել է Մետրոպոլիտենի պատասխանատու կազմին, թե իբրև հիշյալ անձինք հավաքակայան պետք է այցելեն և աշխատանքները կատարեն Մետրոպոլիտենի հիմնական աշխատողների աշխատանքային ժամի ավարտից՝ ժամը 18:00-ից հետո: Մինչդեռ, նշված անձինք չեն եկել և որևէ աշխատանք չեն կատարել, սակայն ստացել են ծառայությունների մատուցման հիշյալ պայմանագրով նախատեսված գումարները:

Այսպիսով, Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեներն օգտագործելով ՓԲԸ-ում ունեցած իր դիրքն ու հեղինակությունը, ութ անձի հետ նախնական համաձայնությամբ Մետրոպոլիտենից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար: 

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), իսկ ութ անձի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը):

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հայտարարվել է հետախուզում․  վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 5 մլն 47 հզր ՀՀ դրամը, իսկ վեց անձանց գույքերի վրա վերջիններիս մեղսագրվող արարքով պատճառված վնասի չափով արգելանք է դրվել: 

Վեց անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական