Ճարպակալումը Ալցհայմերի հիվանդության զարգացման վրա ամենամեծ ազդեցությունն ունի՝ ռիսկի գործոններից գլխավորն է, ասել է Հյուսթոնի մեթոդիստական ակադեմիական ինստիտուտի (HMAI) նեյրոդեգեներատիվ հիվանդությունների փորձագետ Սթիվեն Վոնգը՝ մեկնաբանելով նոր ուսումնասիրության արդյունքները:
The Daily Mail-ը մեջբերում է փորձագետի խոսքերը:
Ըստ Վոնգի՝ ավելորդ քաշի և ուղեղի ֆունկցիայի վատթարացման միջև կապը նախկինում ապացուցվել է: Սակայն HMAI-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճարպակալումը կարող է ավելի շատ վնասել ճանաչողական ֆունկցիան, քան ծխելը, շաքարախտը կամ բարձր արյան ճնշումը: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները համեմատել են նորմալ քաշ ունեցող մարդկանցից ստացված ճարպ պարունակող մոլեկուլները (լիպիդները) և ճարպակալումից տառապող մարդկանցից ստացվածները: Պարզվել է, որ ավելորդ քաշի մեջ որոշակի տեսակի լիպիդներ նպաստում են ամիլոիդային վահանիկների՝ Ալցհայմերի հիվանդությանը բնորոշ սպիտակուցային նստվածքների արագացված առաջացմանը:
Ամիլոիդային վահանիկները անմիջականորեն չեն առաջացնում նեյրոնների մահ, բայց դրանք առաջացնում են հյուսվածքների քայքայման հանգեցնող գործընթացներ:
«Ճարպակալումը ազդում է ճարպային մոլեկուլների քիմիական կազմի վրա, և դա, իր հերթին, ազդում է ուղեղում ամիլոիդային նստվածքների զարգացման վրա», - նշել է Վոնգը:
Մասնագետը հավելել է, որ ճարպակալումից բացի՝ դեմենցիայի այլ կարևոր ռիսկի գործոններից են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, սրտանոթային հիվանդությունները և շաքարախտը: Այնուամենայնիվ, այս բոլոր վիճակներից ավելորդ քաշը ցույց է տվել ամենաուժեղ կապը նեյրոդեգեներացիայի հանգեցնող կենսաբանական գործընթացների հետ: