Հասարակություն

Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց․ ՀՎԿԱԿ պարզաբանումը

Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց․ ՀՎԿԱԿ պարզաբանումը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են․

«Լրատվամիջոցներով տարածվում է «Պատվաստված 16-ամյա տղան ծանր վիճակով տեղեփոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից սանավիացիայով Երևան» վերտառությամբ տեղեկատվություն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նշված դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ 06.10.2025թ. պացիենտը շտապ օգնությամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնել, ապա սանավիացիայով՝ Երևան: Նշենք, որ Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում:

Պացիենտի վիճակը ծանր է, գիտակցությունը պահպանված, ստանում է համապատասխան բուժօգնություն, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ:

Տեղեկացնում ենք, որ որևէ բժշկական կազմակերպությունից պացիենտի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել:

Միաժամանակ, հարկ է նշել, որ մինչ այս պացիենտը ստացել է իր տարիքային բոլոր պատվաստումները և որևէ հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել: Վերջին պատվաստումը պնևմակոկային վարակի դեմ (PCV-13) ստացել է 30.09.2025թ.: Հարկ է նշել, որ PCV-13 պատվաստումից հետո հետպատվաստումային երևույթները սովորաբար թեթև են, կարճատև և անցողիկ: Ներարկման տեղում կարող է դիտվել այտուց, կարմրություն, ցան, ինչպես նաև ջերմության բարձրացում և դյուրագրգռություն:

ՀՎԿ ազգային կենտրոնը կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները պացիենտի լիարժեք բժշկական օգնության կազմակերպման և ախտորոշման հետագա հստակեցման նպատակով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական