ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ կայացված պատժաչափը սպասելի էր։
Զոհրաբյանի խոսքով՝ Աջապահյանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, սակայն դատարանը դատավճիռ հրապարակելուց հնչեցրեց 442 հոդվածը, որը վերաբերում էր պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն։
Հարցին՝ գուցե սա հուզմունքի հետևա՞նք էր, Զոհրաբյանը նշեց. «Էդ հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում»։
Նա ընդգծեց, որ Աջապահյանի խոսքերը չի կարելի պետական հեղաշրջման կոչ համարել։ Զոհրաբյանը հավելեց, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում. «Դատավճիռն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան, Միքայել սրբազանը նույնպես սպասում էր այս դատավճռին. հոգեբանորեն պատրաստ էր»։
Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման. դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր հրապարակել էր դատավճիռը։