Հոկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի երկաթե ճաղերին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով, կոտրել խաչմերուկում տեղադրված Ազատության պողոտա-Բաբայան փողոց-Կասկադ համալիր ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել ծառին, կոտրել երկաթե սյունը ու հայտնվել մայթին՝ կանգառի մոտ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վիրավորը վարորդն է։