Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկումը։
«Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատարանը, շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները, Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին դատապարտեց երկամյա ազատազրկման։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։
Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։
Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները՝ վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման. դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր հրապարակել էր դատավճիռը։