ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հսկայական պրոբլեմներ կան ավազի արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, Արաքս գետից ավազ արդյունահանելով երկրի տարածքն է կրճատվում։
«Այս այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա, և մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում՝ այն պատճառով, որ վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ ճնշում ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես բավական երկար ժամանակ ՀՀ-ում շինարարությունը կկանգնի։ Ավազի ոլորտում ՀՀ-ում ահռելի ստվեր կա, ընդ որում, ստվեր, որ մեր փողոցներով ու մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերին առնչվելու ձևերը չենք գտել, և սա լրջագույն մարտահրավեր է»։
Վարչապետը նաև նշել է, որ այս հարցում անվտանգության խնդիր էլ կա. «Պետական անվտանգության խնդիրների, տարածքային ամբողջականության խախտման պրոբլեմների հետ ենք առնչվում, երբ պարզվում է՝ Արաքս գետից ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում, և այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք»։