Սեպտեմբերի 30-ին` գիշերվա ժամը 3-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում բնակվող 40-ամյա մի օտարերկրացի: Ըստ նրա` կեսգիշերին մոտ իրենց փողոցում իրեն են մոտեցել 4-5 տղամարդիկ, քաշքշել ու հարվածներ հասցրել, նստացրել ավտոմեքենա: Տղամարդկանցից մեկը դանակով սպառնացել է, թե կսպանի իրեն և ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը: Ինքը զանգահարել է որդուն, և վերջինս նրանցից մեկին փոխանցել է 250 հազար դոլար և 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել են տուժածի համերկրացի 40, 44, 30 և 47 տարեկան տղամարդիկ:
Նույն օրը նրանք հայտնաբերվել են, ժամը 18-ին ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ։